ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Մուսուլմանության ճնշման տակ տեղի է ունենում քրիստոնեության տոտալ նահանջ

Մուսուլմանության ճնշման տակ տեղի է ունենում քրիստոնեության տոտալ նահանջ
01.06.2025 | 11:24

Մեր մոտալուտ և ոչ այնքան մոտալուտ ապագայի հետ կապված հարցերի քննարկման ժամանակ մենք պետք է կարողանանք գնահատել մուլտիկուլտուրալիզմ կոչեցյալ կոնցեպտի հետ կապված ընդհանուր տենդենցը և դրա հետ առնչված պրոցեսները Եվրոպայում և Մերձավոր Արևելքում, տարածաշրջաններ, որտեղ մուսուլմանության ճնշման տակ տեղի է ունենում քրիստոնեության տոտալ նահանջ։

Սիստեմային տեսանկյունից դա աշխարհում բազմիցս տեղի ունեցած պարադիգմային անցում է մշակութային մի կայուն վիճակից դեպի մի այլ կայուն մշակութային վիճակ, որտեղ մուլտիկուլտուրալիզմը դիտարկվում է որպես անկայուն անցումային վիճակ։

Եթե քրիստոնեական համայնքները մերձավոր արևելքում թույլ են և սիստեմատիկաբար նահանջում են տիրող մուսուլմանության ճնշման տակ, ապա նման երևույթը Եվրոպայում, իր քրիստոնեական հզոր մշակույթով, պարզապես զարմանք է առաջացնում և պահանջում է որևէ խելքամոտ բացատրություն։

Այս իմաստով շատ հետաքրքիր է մուլտիկուլտուրալիզմի գաղափարական արդարացումը իր սկզբնական շրջանում, երբ Եվրոպան ուներ էժան աշխատուժի կարիք և համոզված էր, որ իր հզոր քաղաքակրթական ուժով միգրանտներին կարող է կուլտուրապես տրանսֆորմացնել և դարձնել սովորական եվրոպական արժեքներ կրող քաղաքացիներ։

Այն բանը, որ հավանաբար նման պարզունակ գծային մտածողությունը շատ կարճ ժամանակ հետո կարող է ունենալ ոչ գծային և շատ լուրջ աշխարհաքաղաքական մակարդակի հետևանքներ եվրոպացիների մտքով անգամ չէր անցնում։

Այնինչ, հարկավոր էր ժամանակին խորանալ հարցի իմաստային կողմի մեջ և առաջին հերթին հասկանալ, թե ի՞նչ նպատակով է կազմակերպվում շատ մեծ ծախսեր պահանջող այդ ահռելի միգրացիոն պրոցեսը ու, արդյո՞ք դա կարող է կապ ունենալ աշխարհաքաղաքական գլոբալ մրցակցության պրոցեսի հետ։

Դրանից բացի, պետք է հաշվի առնվեր, որ եկողներն ունեն կայուն արժեքային համակարգ, որը, նախ սկզբունքային հակասության մեջ է եվրոպական դասական քրիստոնեական արժեքային համակարգի հետ և, հետո էլ, դասական եվրոպական մշակույթի կրողները իրենց պասիոնարության հետ միասին կորցրել են նաև իրենց արժեքային համակարգի մի զգալի մասը։

Իսկ լավ հայտնի է, որ քաղաքակրթական մրցակցային պայքարում հաղթանակի հասնելու պրոցեսում ուժի հետ միասին արժեքային համակարգն է ապահովում այն, իսկ վերջինիս թուլության կամ բացակայության դեպքում էլ հաղթում է կայուն արժեքային համակարգ ունեցողը։

Այնպես որ, Անգելա Մերկելի մուլտիկուլտուրալիզմի միամիտ քաղաքականությունը Եվրոպայի համար դեպի քաղաքակրթական փակուղի տանող ճանապարհ էր։

Այս իմաստով շատ հետաքրքրական է Ռուսաստանում պետության կողմից ուղղորդվող ուղղափառության վերածնունդը, որն էլ ունի գաղափարական այլ ուղղվածություն՝ ոչ թե տեղը զիջելու մուսուլմանությանը, այլ հարմոնիկ ձևով համագործակցության մեջ մտնելու այլ արժեքային համակարգերի հետ։

Սա նշանակում է նաև, որ Ռուսաստանը հանդես է գալիս քրիստոնեության պաշտպանի իր կայուն քաղաքականությամբ, որը որպես լրացուցիչ արգումենտ պետք է ծառայի մեր արտաքին քաղաքականության ոլորտում։

Բոլոր դեպքերում պետք է ամենայն լրջությամբ հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ մուլտիկուլտուրալիզմի և մոնոկուլտուրալիզմի հետ կապված նկատառումները կարող են վճռական նշանակություն ունենալ բազմաբևեռ ուժային աշխարհի բլոկների բաժանման քաղաքականության ոլորտում, քանի որ գլոբալ կայունության տեսանկյունից սպասվող տնտեսաքաղաքական բլոկների թիվը պետք է լինի հնարավորին փոքր, որը անխուսափելի է դարձնում տարբեր մշակույթների և արժեքային համակարգերի համատեղ կյանքը։

Նաև պետք է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ մուլտիկուլտուրալիզմը անկայում վիճակ է, որը տենդենց ունի աստիճանաբար վերածվելու մոնոկուլտուրալիզմի։

Մարդկային մի արժեքային համակարգը հաղթում է մյուսին ճիշտ այնպես, ինչպես մի լեզուն է հաղթում մյուսին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 815

Մեկնաբանություններ